Զատիկը կամ Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեցեցու հիմնական տոներից մեկն է։ Նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ դեպի Աստված։
Մենք ամեն տարի Սուրբ Զատկի օրն անցկացնում ենք պապիկիս և տատիկիս տանը։ Մեզ համար կրկնակի տոն է, քանի որ իմ պապիկի անունը Հարություն է, իսկ Սուրբ Զատիկը նաև Հարությունների անվանակոչության օրն է։
Սուրբ Հարության տոնին հայկական ընտանիքներում ընդունված է առատ ու ուտելիքներով լեցուն սեղան պատրաստել, որի կարևոր բաղադրիչը՝ կարմիր ներկած հավկիթներն են։ Դեռևս հին ժամանակներում ընդունված է եղել ներկել հավկիթները բնական ներկանյութով՝ կարմիր սոխի կճեպով, ինչը էկոլոգիապես մաքուր է և ոչ վնասակար։ Ինչպես տեսնում ենք, այս ավանդույթը հասել է մինչև մեր օրեր։ Մյուս ավանդական ճաշատեսակներից են չամիչով և բրնձով փլավը, եփած ձուկը, թարմ բանջարեղենն ու կանաչեղենը։ Ես շատ եմ սիրում պապիկիս պատրաստած խորոված միսը և մայրիկիս պատրաստած տորթ-աղցանը։ Աղցանը նույնպես պարունակում է զատկական խորհրդանիշներ՝ ձու և ձուկ։ Այս անգամ որոշեցի նկարել աղցանի պատրաստման ընթացքը, քանի որ այն նաև շատ գեղեցիկ ու ախորժալի տեսք ունի, իսկ համը՝ աննկարագրելի։
Իսկ ամենակարևորը՝ ընտանեկան ջերմ մթնոլորտն է, որը սովորաբար տիրում է տոնակատարության ժամանակ։ Բոլորն ուրախ են, շնորհավորում են միմյանց՝ ասելով հետևյալ խոսքերը․
- Քրիստոս հարյավ ի մեռելոց,
- Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
No comments:
Post a Comment