Նահապետ Քուչակի մասին քիչ բան է պահպանվել, նրա ինքնությունը պարուրված է անորոշությամբ։ Քուչակի թոռան մի հիշատակարանից՝ գրված 1637 թվականին, պարզվում է, որ իր պապը եղել է աշուղ Նահապետ Քուչակը և իր գործի մեջ եղել է վարպետ։ Երկար ժամանակ պահպանվել է Նահապետ Քուչակի տապանաքարը իր ծննդավայր Խառակոնիս գյուղի Սուրբ Թեոդորոս վանքի բակում, ինչից պարզվում է, որ նա մահացել է 1592 թվականին։ Գերեզմանաքարի գրությունն ամբողջությամբ այս է. «Սա արև Քուչակ թվ ՌԽԱ ձղ Քս»։ «Արև Քուչակ» արտահայտությունը պետք է նշանակի կենսատու աղբյուր, արև ու ջերմություն պարգևող։ ՌԽԱ = 1041 + 551 = 1592 (մահվան թվականը)։ «ձղ Քս»-ը ուղղակի վերծանությամբ պետք է նշանակի՝ ձ = 80, ղ = 90, Քս = Քրիստոս։ Այսինքն՝ 80-90 տարեկանում հանգավ ի տեր։
Հայտնի է նաև, որ նրա գերեզմանը եղել է ուխտատեղի։ Եթե Քուչակն անհայտ կամ պատահական մեկը լիներ, նրա գերեզմանը ժողովուրդը չէր սրբացնի։
Նահապետ Քուչակը ժամանակին հայտնի է եղել Չիչակ անունով։
Քուչակի անունը 16-րդ դարի տաղերգուների շարքում առաջինը հիշատակել է Ղևոնդ Ալիշանը։ Այնուհետև նրա անունը շրջանառության մեջ է դրել Վարագա վանքի միաբան, վարդապետ Արիստակես Տեվկանցն իր կազմած «Հայերգ» (1882) ժողովածուի մեջ։ Իր հրատարակած հայրենների շարքի կապակցությամբ նա գրում է, թե դա մականունով Քուչակ, ծնունդով խառակոնիսցի «Նահապետ վարպետ»-ինն է։ Այստեղ զետեղված են գործեր՝ վերցված 1583 թվականի մի ձեռագրից։
Բանաստեղծություններից մեկի մեջ կան այսպիսի տողեր.
Ես Քուչակն եմ վանեցի
Ի գեղէն Խառակոնիսայ.
Լցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ...
Ենթադրվում է , որ սա Նահապետ Քուչակն է, որ ծնվել է Վանի Խառակոնիս գյուղում և ապրել է այնքան երկար, որ արդեն թուլացել է հիշողությունը։ Ըստ ավանդության՝ Քուչակն իր խաղերով հիվանդների էր ապաքինում, վերք էր բուժում, թախիծ էր փարատում։ Իր երգերով նա բուժել է սուլթանի կնոջը և գյուղում եկեղեցի է կառուցել։ Որպես աշուղ ոչ միայն հորինել է հայրեններ, այլև ստեղծել է դրանց երաժշտությունը, ինքն էլ կատարել է իր երգերը և ունեցել ունկնդիրների լայն շրջանակ։ Հայրեններ հորինել է նաև թուրքերեն, և նրա համբավը հասել է մինչև Կոստանդնուպոլիս։
Քուչակի հայրենները պահպանվել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր. սերնդեսերունդ դրանք փոխանցել են աշուղները և հետո է միայն գրի առնվել։
Քուչակի անունով հայտնի հայրեններն ունեն խորապես անհատական դրոշմ, այնպես որ դրանք ժողովրդական լինել չեն կարող։ Այդ հայրենների հեղինակը որոշակի անհատն է, ով միաժամանակ և՛ հայրենների հեղինակն ՝, և՛ աշուղ է ու սիրահար։
Հայրենները Քուչակին պատկանելու վերաբերյալ կան տարբեր վկայություններ՝ 1892 թ. բանասեր Կարապետ Կոստանյանը գրել ՝, ոչ Նահապետ Քուչակը ժողովրդական երգերից առած կտորների ժողովող է, ոչ թե հեղինակ։ Արշակ Չոպանյանը 1902-ին այն կարծիքի էր, որ դրանք «Քուչակի անձնական ստեղծագործությունն են»։ 1940-ին Չոպանյանը վերանայեց իր տեսակետը և հայրենները համարեց «վերագրված Նահապետ Քուչակ վարպետ աշուղին»։ Մանուկ Աբեղյանը նշում է, որ հայտնի ձեռագրերից ոչ մեկը չի տալիս Նահապետ Քուչակի անունը և կասկածի է ենթարկում Տեվկանցի տեսակետը։ Պարույր Սևակն իր հերթին «Հայրենի կարգավ» (1957) գրքի գրախոսության մեջ ընդունել է Քուչակի՝ հայրենների հեղինակ լինելու հանգամանքը, իսկ «Սայաթ-Նովա» (1963) մենագրության մեջ՝ ժխտել։
Նահապետ Քուչակի Մասին
Քուչակ Նահապետն ու Սայաթ-Նովան եթե երգում իրենց սերն ու սիրուհին, երգում են ամբողջ աշխարհի առաջ, եթե դիմում են իրենց յարին՝ պատմելու նրա սերն ու գեղեցկությունը, խոսում են լուրջ ու հանդիսավոր, ժամանակներին ու ժողովուրդներին ի լուր։ Խոր գիտեն, որ իրենք հասարակ մահկանացուներ չեն։
Հովհաննես Թումանյան
Ով էլ լինի պատմական Նահապետ Քուչակը և որ տարիներին էլ ապրած լինի, նրա տաղերը մնում են որպես հայ քնարերգության ամենագեղեցիկ մարգարիտներ։ Միջնադարյան բոլոր քնարերգուների մեջ Քուչակն առանձնանում է իր անմիջականությամբ և ներշնչանքի բնականությամբ։
Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ
Գաղափարի մեջ կ'ընտրեմ Պայրընը կամ Նիցցեն [Նիցշե], բայց արվեստին մեջ կը նախընտրեմ Քուչակը։
Դանիել Վարուժան
Հետազոտողների մեջ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում հզոր հեղինակներից մեկի ստեղծագործությունը վերագրել ուրիշներին։ Այդպես վարվեցին Հոմերոսի հետ։ Այդպես վարվեցին նաև Շեքսպիրի հետ։ Բայց... դա մեկ մարդ է, սակայն ուժեղ մարդ, մեկ ձայն է, սակայն հզոր ձայն, ոչ երգչախումբ։ Ես ասում եմ՝ չեմ հավատում, թե մի քանի աշուղ են։ Դա մեկ Նահապետ է։
Լև Օզերով, ռուս բանաստեղծ է քննադատ
Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրեն»-ը դարձել է իմ սեղանի գիրքը։ Այն իմ գրադարանում դրված է անտիկ քնարերգուներ Սաֆոյի, Կատուլլուսի, Հորացիուսի, Օվիդիուսի գրքերի կողքին։ Ինչո՞ւ։ Շատ պարզ. ես մի տեսակ կարոտում եմ իսկականին, բնականին, մարդկայինին։
Էդուարդաս Մեժելայտիս, լիտվացի բանաստեղծ